Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

1.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին

1.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին
04.02.2016 | 15:18

Սա Stratfor-ի հինգերորդ զեկույցն է տասնամյակի համար: 1996-ից սկսած հինգ տարին մեկ (1996, 2000, 2005, 2010, 2015) Stratfor-ը հրապարակում է ընթացիկ կանխատեսումներ: Ընդհանուր առմամբ՝ մենք հպարտանում ենք մեր ջանքերով: Մենք կանխատեսել ենք Եվրոպայի տնտեսական անկումները հաղթահարելու անկարողությունը, Չինաստանի տնտեսության թուլացումը, ԱՄՆ-ի և ջիհադիստների պայքարի ընթացքը: Մենք նաև մի քանի սխալներ ենք արել: Մենք չէինք սպասում սեպտեմբերի 11-ի իրադարձությունները և չկարողացանք կանխատեսել ԱՄՆ-ի պատասխանները: Բայց 2005-ին կարողացանք կռահել այն դժվարությունները, որոնց բախվեց ԱՄՆ-ը և իսլամական աշխարհում իր ռազմական գործողությունների շարունակումից ԱՄՆ-ի հրաժարումը: Մենք չափազանց շուտ էինք կանխատեսել Չինաստանի թուլացումը, բայց դեռ այն ժամանակ տեսնում էինք, մինչդեռ ուրիշները ասում էին, որ Չինաստանի տնտեսությունը կգերազանցի ԱՄՆ-ին: Մենք հետևողականորեն արձանագրել ենք ԱՄՆ-ի ոչ անցողիկ հզորությունը: Մեր կանխատեսումները հիմնված են ոչ շովինիզմի, ոչ էլ ուռա-հայրենասիրության վրա, այլ՝ մոդելի, որը ԱՄՆ-ին թույլ է տալիս մնալ բացառիկ պետություն: Մենք ոչ ամեն ինչ ենք կանխատեսում, մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք կարևոր միտումների ու տրենդների վրա, որ ձևավորվում են աշխարհում: Ներկայացնում ենք մեր կանխատեսման որոշ մանրամասներ տասնամյակի համար՝ սկսած 2010-ից:

Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի պատերազմը ջիհադիստների հետ կթուլանա, դա չի նշանակում, որ իսլամիստական շարժումը կոչնչացվի: Ահաբեկչական փորձերը կշարունակվեն, որոշ դեպքերում կհաջողվեն: Բայց երկու մեծ պատերազմները տարածաշրջանում 2020-ին, եթե ամբողջությամբ չեն դադարի, էականորեն կթուլանան: Մենք կտեսնենք, որ իրավիճակը Իրանում վերահսկելի է դառնում: Առայժմ պարզ չէ ինչպես՝ ռազմական գործողություններով, Իրանի մեկուսացմամբ կամ քաղաքական պայմանավորվածությամբ գործող կամ ապագա վարչակարգի հետ, ապագա աշխարհաքաղաքականության առումով դա մեծ նշանակություն չունի: Իրանին հնարավոր կլինի կանգնեցնել, որովհետև ուժերը չեն հերիքի խոշոր խաղացող ստանալ տարածաշրջանում իր մերձավոր աշխարհագրական շրջապատից դուրս:
Եվրոպայում համակարգերի և ժողովրդագրական պայմանների բազմազանության պատճառով Եվրամիության ինստիտուտները ուժեղ սթրեսի կենթարկվեն, բայց կվերապրեն: Մենք կասկածում ենք, որ նրանք արդյունավետ կաշխատեն: Քաղաքական գլխավոր միտումը հեռու կլինի բազմակողմանի որոշումներից՝ շարժվելով նացիոնալիզմի ուղղությամբ, որ շարժման մեջ են դնում տարբեր ուղղություններ ունեցող տնտեսական, սոցիալական ու մշակութային ուժերը: Եվրամիությունը ստեղծած էլիտան իր վրա կզգա բնակչության աճող ճնշումը: Եվրոպային բնութագրական կլինեն հակասությունները տնտեսական շահերի ու մշակութային կայունության միջև: Այդ պատճառով ներեվրոպական հարաբերությունները անկանխատեսելի ու անկայուն կմնան:
Ռուսաստանն ամբողջ տասնամյակում կփորձի ամրապնդվել ու ապահովել սեփական անվտանգությունը, բայց հետո ժողովրդագրական անկումը իսկական հարված կհասցնի: Ռուսաստանը կփորձի հումքի արտահանումից անցնել մշակված հումքի արտահանման՝ առաջ շարժվելով գնի բարձրացման շղթայով իր տնտեսության ամրապնդման համար, քանի դեռ դա թույլ է տալիս ժողովրդագրությունը: Ռուսաստանը կփորձի միավորել նախկին խորհրդային հանրապետությունները ինչ-որ ընդհանրության մեջ՝ հետաձգելու համար իր ժողովրդագրական խնդիրները, ընդլայնելու շուկան և վերականգնելու որոշ տարածքային բուֆերներ: Ռուսաստանը տեսնում է, որ հարվածի տակ է և շտապում է: Այդ պատճառով հեռանկարում կփորձի ավելի ագրեսիվ ու վտանգավոր թվալ, քան կա իրականում: 2010-ական թթ. Ռուսաստանի գործողությունները էական տագնապ կհարուցեն հարևանների համար՝ ազգային անվտանգության և արագ փոփոխվող տնտեսական քաղաքականության պատճառով: Դա ամենից շատ կմտահոգի Կենտրոնական Եվրոպայում Ռուսաստանի նախկին սատելիտ երկրներին: Ռուսաստանի ուշադրության կենտրոնում կմնա Միջինեվրոպական հարթությունը, որ վաղուց եղել է ներխուժման երթուղի: Այդ տարածաշրջանին ուշադրությունը կմեծանա, քանի որ Եվրոպան քաղաքական առումով առավել անկանխատեսելի է դառնում: Ռուսաստանը Կենտրոնական Եվրոպայի վրա անհաղթահարելի ռազմական ճնշում չի գործադրի, բայց կենտրոնական եվրոպացիների հոգեբանությունը շատ զգայուն է այդ մարտահրավերների նկատմամբ: Մենք կարծում ենք, որ այդ մշտական ու աճող ճնշումը կխթանի Կենտրոնական Եվրոպայի տնտեսական, սոցիալական ու ռազմական զարգացումը: Չինական տնտեսության մեջ, ինչպես Ճապոնիայի և Արևելյան Ասիայի մյուս երկրների, էականորեն կնվազեն աճի տեմպերը՝ համապատասխանեցնելու համար կապիտալի շահույթի նրանց նորմերը և հավասարակշռելու ՉԺՀ-ի ֆինանսական համակարգը: Այդ կերպ Չինաստանը կբախվի սոցիալական ու քաղաքական լարվածության:
ԱՄՆ-ում 2010-ականին կշարունակվի մեկ դար առաջ սկսված երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական հզորության աճը: ԱՄՆ-ը կմնա շատ ուժեղ (բայց ոչ ամենազոր) համաշխարհային ռազմական գերտերություն, որ ամեն տարի արտադրում է համաշխարհային հարստությունների 25 %-ը:

Անահիտս ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Առայժմ այսքանը՝ հաջորդիվ երկիր առ երկիր՝ ժամանակի մեջ: Ինչպես էլ մենք վերաբերենք Stratfor-ի վերլուծություններին, համարենք, որ Stratfor-ը ԿՀՎ-ի մասնաճյուղն է, աշխատում է պետդեպարտամենտի վերահսկողությամբ կամ՝ անկախ է ու անաչառ, նրա վերլուծությունները և կանխատեսումները ոչ միայն ուշադրության կենտրոնում են, այլև բացատրում են տեղի ունեցող իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, երբեմն նաև ելքեր են առաջարկում:

Դիտվել է՝ 2574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ